Երկիրը մեր ընդհանուր տունն է

Երկիրը, որի վրա ապրում ենք մենք, Արեգակնային համակարգի 8 մոլորակներից մեկն է: Երկիրը՝ որպես մի հսկա տիեզերանավ, իր հավերժական թռիչքն է կատա­րում տիեզերքում:

Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, այդ պատճառով էլ առաջանում են տարվա եղանակները: Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, որի հետևանքով էլ առաջանում է գիշեր և ցերեկ հերթափոխը:

Երկրի վրա կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն ապրելու և աշխատելու համար: Դրա շնորհիվ Արեգակնային համակարգի մոլորակ­ներից (գուցե նաև ողջ տիեզերքում) կյանք գոյություն ունի միայն երկրա­գնդի վրա: Այստեղ ապրում են հազարավոր մեծ ու փոքր ժողովուրդներ, որոնք ստեղծել են իրենց լեզուն, մշակույթը, սովորույթները, տնտեսու­թյունը: Այսօր աշխարհում հաշվվում է շուրջ 200 պետություն: Նրանք տարբերվում են իրենց մեծությամբ, զարգացման մակարդակով: Հա­րուստ երկրները կոչվում են զարգացած, իսկ համեմատաբար աղքատները՝ զարգացող երկրներ: Բոլոր երկրներն ու ժողովուրդները միասին կազմում են ժամանակակից աշխարհը, որը, միասնական լինելով հանդերձ, աչքի է ընկնում ներքին Մեծ տարբերություններով: Մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, աշխարհի պետու­թյուններից մեկն է:

Ոչ մի ժողովուրդ և պետություն մեկուսացած ապրել չի կարող: Նրանք բազմաթիվ թելերով կապված են իրենց մոտ և հեռու հարևան­ներին: Այդ կապերի շնորհիվ էլ աշխարհը դարձել է մեկ ամբողջություն, մեր բոլորի անկյունն էլ Հայաստանն է, տան բազմաթիվ անդամներից մեկն էլ՝ հայերս:

Միշտ չէ, որ մեր ընդհանուր տունը խաղաղ ու հանգիստ է: Աշխարհի անդորրը երբեմն-երբեմն խախտվում է նրա տարբեր անկյուններում տեղի ունեցող պատերազմների պատճառով: Դրանց հետևանքով աշխարհում տարեկան հազարավոր մարդիկ են զոհվում, հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ են ավերվում: Մեր մոլորակին սպառնացող վտանգներից է նաև մարդու կողմից բնության աղտոտման չափերի մեծացումը: Սակայն մարդկանց զգալի մասը սկսել է գիտակցել, որ իրենք բնության մի մասն են, իսկ կործանելով բնությու­նը՝ մարդը կործանում է նաև իրեն: Ուստի բոլորս պետք է գիտակցենք, որ մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը, կարիք ունի պահպա­նության: Եվ մեզանից յուրաքանչյուրը պետք է հոգատարությամբ և գիտակցորեն օգտագործի մեր մոլորակի բնության բարիքները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *